Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագիծը համարվող Հարավկովկասյան տարածաշրջանում։ Աշխարհագրորեն տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք և ունի 3 միլիոն բնակչություն։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն։
Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է։ «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Երևան, Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2024 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանում ապրում է ▲1 106 300 մարդ (2024)։ Երևանը՝ որպես Էրեբունի ամրոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։
Հայկական սփյուռք, հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում խոշորացված հաշվարկներով կազմում է 10-12 միլիոն մարդ, ընդ որում Հայաստանի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 018 854, որից 2.961.801-ը (98 %-ը) հայեր են։ Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ։ Նշված թվերը խոշորացված հաշվարկի արդյունք են և ներառում են հայկական ծագմամբ անձանց և կիսով չափ հայերին։ Անգամ առավելագույն գնահատականներով (Հայաստան՝ 3,000.0 հազար, Ռուսաստան՝ 2,500.0 հազար, ԱՄՆ՝ 1,500.0 հազար, Ֆրանսիա՝ 800.0 հազար, այլ երկրներ՝ ոչ ավելի, քան 2,000.0 հազար) թվաքանակը չի հասնում 10 միլիոնի։