Արարատ (ավանդական հայերեն՝ Մասիս)։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում և բոլոր հայերի սրտում։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։ Ժողովրդագրագետներից մեկը գրել է, որ «հայերը ունեն Արարատի սեփականության զգացում՝ մշակութային սեփականության առումով»։
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին, Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և «Մայր Հայաստան» արձանի հեղինակը՝ Արա Հարությունյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 500000 այցելու։
Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։