Հայերի հիմնական սննդամթերքներից մեկը լավաշ հացն է, որը թխում են թոնիրում։ Ալյուրից, գոլ ջրից, խաշից (թթխմորից) և աղից լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ՝ խմորման համար։ Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկներով։
Խաշ, հեղուկ տաք ապուր։ Հնագույն հայկական ուտեստներից մեկը, որը տարածում է ստացել Կովկասում և Հարավային Կովկասում և հավանաբար ունեցել է արարողական բնույթ։ Ի սկզբանե եղել է աղքատների սնունդ։ Ի սկզբանե խաշը տարածված է եղել՝ Սյունիքի մարզում։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի։ Մասերը մաքրելուց և լվանալուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ), այն խաշվում է 6-8 ժամ։ Սխտորը, աղն ու կանաչին մատուցվում են սեղանին, կերակուրը համեմելու նպատակով։
Խաշլամա, գառան մսից պատրաստված հայկական ավանդական ճաշատեսակ։ Պատրաստվում է ոչխարի (գառան), տավարի, հազվադեպ նաև խոզի և հավի մսով։ Հաստ պատերով խոր կաթսայի մեջ շերտերով դասավորում են կտրատած սոխ, տաքդեղ, լոլիկ, գազար և այլ բանջարեղեններ՝ ըստ նախասիրության, այնուհետև դասավորում են կտրատած միսը, որից հետո կրկին բանջարեղենի շերտ։ Կարելի է ավելացնել համեմունքներ, տարբեր կանաչիներ, դափնետերև։ Քիչ քանակությամբ ջուր լցնելուց հետո, ավելացնում են աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, որից հետո կաթսան փակում են կափարիչով և դնում մարմանդ կրակի վրա։ Խաշլամային հատուկ բուրմունք տալու նպատակով, հաճախ այն եփում են գարեջրով կամ գինիով։
Տոլմա (դոլմա), բանջարեղենի կամ տերևների (որպես կանոն՝ խաղողի) մեջ դրված միջուկով ուտեստ։ Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի հիման վրա, ինչպես նաև կարող է պարունակել եփովի մսի խճողակ։ Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով։
Ղափամա (խափամա), հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։ Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում։