Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդ, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
Կապույտ մզկիթ, գործող շիա մզկիթ Երևանում։ Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի կառավարության խնդրանքով մզկիթը որպես աղոթավայր՝ հանձնվել է Իրանին։ Այն վերակառուցվել է 1994-1998 թվականներին Իրանի կառավարության ջանքերով։ 2006 թվականին վերանորոգվել է գմբեթը։ 2018 թվականին հայտարարվել է Կապույտ մզկիթը Յունեսկոյի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ընդգրկելու ցանկության մասին։
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։