Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Վանքի 1200 թվականի վիմագիր արձանագրության մեջ նշվում է Ամառնատակ կամ Ամառնամատակ առվակը՝ Ազատ գետի վերին հոսանքում, որի ափին կառուցվել է վանական համալիրը։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի պատվերով՝ 641- 661 թվականներին։ Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։ Ներառված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։
Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։ Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս։