Բազրկանի, բառն հավանաբար իրանական ծագում ունի և նշանակել է «վաճառական»։ Մուսալեռում այն եղել է հովվի ճաշի անվանումը. կան տարբեր տեսակի բազրկանիներ. մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մի հատ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և համեղ կերակուրը հովվի։
Անուշապուր, Զատիկի (Փոքր և Մեծ Զատիկներ) տոնին պատրաստվող քաղցր ապուր. այն տոնածիսական բնույթ է կրում. ձավարի հետ եփում են չրերը, ավելացնում ընկուզեղեն։ Բոլոր հայկական տներում էլ եփում են և հյուր գնալիս իրենց հետ տանում, որպես նվիրաբերում։ Կա նաև անուշապուրի այլ տարբերակը, որը կոչվում է մարիամապուր (Աստվածածնա անունով), որը, ի տարբերություն անուշապուրի, մեղրի փոխարեն պատրաստվում է դոշաբով։
Պանրախաշ, գյուղական պարզունակ ու առօրեական ճաշ. պատրաստվում է բոլոր հայկական շրջաններում, հետևաբար ունի շատ տարբերակներ։ Կան սոխառածով, կամ կարմիր կծու պղպեղով, կամ սխտորով, կամ էլ ձվով պատրաստված պանրախաշ. թել պանրով կամ հորած պանրով. չոր լավաշով կամ հնացած հացով։ Պարզապես առատ ջրի մեջ եփած պանիր է, վրան լավաշ։
Թթվեպաս, ավագ հինգշաբթի օրվան հատուկ ճաշատեսակ է, պարսկահայերի խոհանոցից։ Նման թթվաշ ճաշատեսակներ տարածված է ամբողջ հայկական խոհանոցում, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ, ջրի փոխարեն նրան քացախ խմեցնելու դրվագին։ Տարբեր արմտիքներով, բանջարով ու չրերով ապուր է, առանց որևէ յուղի. մատուցվում է քացախով։
Կոլոլակ, վարկած կա, որ կոլոլակը եղել է Կիլիկյան թագավորության ամենահարգի ճաշատեսակը. բառն առաջացել է կերակուրի կլոր ձևից. բարբառներում կան տարբեր անվանումներ.- կլուլիկ, կլորճիկ, կլուր, կլեյոր, և այլն....։ Կան և՛ մսային և՛ բանջարեղենային կոլոլակներ. կլոր, ձվաձև, երկարավուն ու մանր գնդիկներ. մատուցվում է տապակած, խաշած, խորոված, ապուրների մեջ կամ մածուն-սխտորով։