Հարիսա, հայկական ազգային կերակուր։ Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։
Բաստուրմա, Չորմիս, Ապուխտ, հատուկ եղանակով մշակված և չորացրած միս։ Բաստուրմա են անվանում նաև խորովածի համար նախապես քացախով, աղով, սոխով ու պղպեղով համեմած միսը։ Չամանի սերմերն ընտրում են, լվանում և ծեծում, խառնում ծեծած սխտորի, աղացած կարմիր պղպեղի հետ, ավելացնում այնքան ջուր, որ ստացվի նոսր թթվասերի թանձրության զանգված։ Տավարի սուկին և մեջքամասի փափուկ մսի կտորները պատում են ստացված խառնուրդով։
Խորոված, հիմնականում մսով պատրաստված կերակուր։ Խորովածի միսը կտրատում են մանր կտորների և համեմվում։ Խորոված պատրաստելու համար օգտագործում են ոչխարի (գառան), այծի (ուլի), խոզի, հավի, ճագարի, արջի, ինչպես նաև այլ ընտանի և վայրի կենդանիների, թռչունների և ձկների միս։ Միսը խորովում են այն շարելով մետաղյա կամ փայտյա շամփուրների վրա, այնուհետև շամփուրները շարում են շիկացած փայտածուխների վրա, հաճախ որպես կրակարան օգտագործելով մանղալը, թոնիրը, բուխարին և այլն։
Մշոշ կերակրատեսակը Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմսերից է: Բառն առաջացել է մըշմոշ (ծիրան) բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ, գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում,կանաչ լոբի կամ բազուկ. սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։
Պասուց տոլման առանց մսի պատրաստվող տոլմայի տեսակ է, որը մատոցվում է հատկապես Մեծ Պասի կամ Նոր տարվա ժամանակ: