Սուջուխ, Խճուղ, ջերմային մշակման չենթարկված հում մսապուխտ։ Պատրաստման համար որպես հումք օգտագործվում են տավարի և ոչխարի միս (առաջին տեսակի), ինչպես նաև տարբեր համեմունքներ։
Մեղրով պյորեկ, Զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն, պատրաստված՝ հատկապես յայլաներում, ուր առատ է եղել անարատ յուղը։ Սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ. սաճի վրա թխել են լավաշը. լավաշի մեջ լցոնել միջուկը, ապա տապակել յուղով։ Հիշեցնում է փախլավայի համը։
Արշտա (ռշտա, էրիշտա, դդմաճ), ուտեստ։ Պատրաստում են անալի, պինդ խմորից։ Խմորը բարակացնում են ինչպես լավաշը և, մի քանի տակ ծալելով, դանակով երիզաձև կտրատում, ապա արևի տակ չորացնում, թոնրի կամ փռի մեջ բովում։ Համարվում է ձմեռվա համար պահածո սննդամթերք։ Օգտագործվում է զանազան կերակուրներ՝ փլավ, ապուր և այլն պատրաստելիս։ Հայերից բացի արշտա պատրաստում են նաև Արևելքի որոշ ժողովուրդներ։
Թաթխան, այսինքն հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո չորացրել են, ապա բովել կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի, հետո աղացել։ Օգտագործելիս վրան ձեթ լցրել և հացը մեջը թաթախելով ճաշակել։
Ձվածեղ, ձվով տապակաները շատ տարածված կերակրատեսակներ են. համեղ են, սննդարար և արագ պատրաստվող. բառն առաջացել է «ձու» և «եղ» բառերից, այսինքն ձվի վրա ածել(լցնել) յուղ. բարբառներում հաճախ նաև կան «եղձու» կամ «եղաձու», ինչպես նաև «ծապատակ» = ձու տապակ տարբերակները։ Հին ժամանակ վրան մեղր լցրած «ձվածեղ» էր մատուցվում հարգի հյուրերին, նաև կնքահորն ու փեսացուին։